Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ֆարմացևտ պրակտիկ 3.2008 (11)

Հիպերակտիվ երեխա, չպատժե'լ

Հիպերակտիվ երեխա, չպատժե'լ

Մեզանից գրեթե բոլորը կյանքում գոնե մեկ անգամ հանդիպել են երեխաների, որոնց անվանում են ''հիպերակտիվ''։ Այս կարգի երեխաներն անմիջապես աչքի են ընկնում ամենուր` փողոցում, տրանսպորտում, խանութում և դպրոցում։

 

Հիպերակտիվ երեխաները համընդհանուր ուշադրության առարկա են դառնում իրենց անտքնաջանության, իմպուլսիվության, որևէ կոնկրետ բանի վրա կենտրոնանալ չկարողանալու պատճառով։ Նրանք ''անհարմար են'', մարդուն գրգռում և հունից հանում են։ Շրջապատողների մեկնաբանությունները նման դեպքերում խիստ ավանդական են. ''Ո՞ւր են նայում ծնողները, այ եթե իմ երեխան լիներ, ես նրան մի լավ դաս կտայի''; ''Ահա և Ձեզ ծնողների անուշադրության արդյունքը'', ''Մայրն ազատություն է տվել'', ''Հայրը ոչ մի անգամ անկյուն չի կանգնեցրել''։ Մինչդեռ միայն ծնողներին է հայտնի, թե որքան դժվար է նման երեխայի հետ, և թե որքան ջանքեր ու մեթոդներ են գործադրել իրենք, որպեսզի երեխան գոնե մի փոքր սովորի ինքն իրեն վերահսկել։

 

Հիպերակտիվ երեխան հեշտ փորձություն չէ ո'չ ընտանիքի, և ո'չ էլ շրջապատողների համար։ Հենց այսպիսի երեխաներն են ընկնում բարուրասեղանից, ընկնում մեքենաների անիվների տակ, մատները մտցնում վարդակների մեջ, շուռ են տալիս եռացրած ջրով կաթսաները, քաշում թափառական շների պոչից, ընկնում կոյուղու հորերի մեջ... Դպրոցում նման երեխաները բարդացնում են իրենց համադասարացիների և ուսուցիչների կյանքը. չեն կարողանում կենտրոնանալ, ամբողջ ժամանակ պտտվում են, խոսում, չարություն անում, կարող են դասի ժամանակ ծեծկռտուք սարքել կամ պարզապես սկսում են քայլել դասարանում։

 

Սակայն այն, որ առաջին հայացքից թվում է վատ վարքագիծ, անդաստիարակություն կամ քմահաճույքի արգասիք, հաճախ հանդիսանում է նյարդային համակարգի ֆունկցիաների լուրջ խանգարում։ Գոյություն ունեն մանկական հիպերակտիվության պատճառները մեկնաբանող տարբեր կարծիքներ։ Դա կարող է պայմանավորված լինել ժառանգական առանձնահատկությամբ, գլխուղեղի գործունեության յուրահատկություններով, ծննդաբերական վնասվածքներով, ինֆեկցիոն հիվանդություններով, որոնք երեխան տարել է կյանքի առաջին ամիսների ընթացքում։ Սակայն այս ամենը կարող է ախտորոշել միայն հմուտ նյարդաբանը հատուկ հետազոտություններ անցկացնելուց հետո։ Հիպերակտիվությունը կենտրոնական նյարդային համակարգի աննշան օրգանական փոփոխությունների արտահայտումն է, որի հիման վրա նկատվում են տարբեր նյարդային հակազդեցություններ, վարքագծի, ինչպես նաև խոսելու խանգարումներ։ Հիպերակտիվությունը կարող է լինել մարմնի մեծ զանգված ունեցող նորածնի մոտ ծննդաբերական վնասվածքի, ինչպես նաև տևական կամ, ընդհակառակը, արագընթաց ծծնդաբերության ժամանակ ստացված վնասվածքի արդյունք։

 

Վերջին ժամանակներում նյարդաբանները հաճախ ախտորոշում են` ''ուշադրության պակասի ախտանիշ'' հիպերակտիվությամբ (ՈՒՊԱՀ)'', որի հետ են կապում վարքագծի խանգարումները և նախադպրոցական ու դպրոցական տարիքում ուսման մեջ դժվարությունները, շրջապատողների հետ փոխհարաբերությունների խնդիրները։ ՈՒՊԱՀ-ի հիմնական դրսևորումների մեջ են մտնում ուշադրության փոփոխությունները (նրա պակասը), իմպուլսիվության և հիպերակտիվության ախտանիշները։ Եթե հիպերակտիվության ախտանիշները երեխայի մեծանալուն զուգընթաց վերանում են, ապա ցրվածությունն ու իմպուլսիվությունը կարող են ուղեկցել մարդուն երկար տարիներ` հիմք ծառայելով նևրոզի և սոցիալական անհարմարվածության համար։

 

Սակայն մանկական հիպերակտիվությունը կարող է ունենալ նաև այլ պատճառներ։ Այս պարագայում ծանրակշիռ խոսքը մասնագետինն է։ Ծնողները ոչ միշտ են ընդունակ հավուր պատշաճի գնահատել իրենց երեխային. նրանք կարող են չնկատել լուրջ շեղումները, մյուսները, ընդհակառակը, ''տաքարյուն'' երեխաներին բնորոշ ակտիվությունն ու հետաքրքրասիրությունը գնահատում են որպես նորմայից ''շեղվածություն''։

 

Անկախ նման երեխաների հիպերակտիվության բնույթից` չի կարելի նրանց ամբողջ ժամանակ նախատել և պատժել, քանի որ դա կարող է է'լ ավելի սաստկացնել նրանց վիճակը։ Սակայն լուրջ դեպքերում մասնագետի անընդհատ օգնությունը ցանկալի է, եթե ոչ պարտադիր։ Ինչպես ցույց է տալիս փորձը, լավագույն արդյունքների կարելի է հասնել միայն ծնողների, ուսուցիչների, հոգեբանի, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայքային բուժում նշանակող նյարդաբանի միասնական ջանքերի զուգակցման արդյունքում։ Սակայն ամեն դեպքում հիմնական ծանրաբեռնվածությունը ընկնում է ծնողների վրա, որոնց սպասվում է իրենց երեխայի հետ երկար տարիների համառ և հետևողական աշխատանք, և, որպես կանոն, նրանց ջանքերը արդարացվում են։ Դժվար է, իհարկե, հույսը դնել այն բանի վրա, որ հիպերակտիվ երեխան կարճ ժամանակում կդառնա լսող, քնքուշ և հանգիստ։ Սակայն միանգամայն իրական է սովորել ապրել նման մարդու կողքին, համագործակցել նրա հետ և նրա վարքագիծը շրջապատողների համար ''ընդունելի'' դարձնել։

 

Այդ պարագայում ցանկանում ենք փոքրիկ չարաճճիների ծնողներին տալ մի շարք խորհուրդներ։ Որոշակի կանոններին հետևելը ծնողներին կարող է զգալի կերպով օգնել հիպերակտիվ երեխաների դաստիարակման գործընթացում։

 

  1. Անպայման աշխատե'ք խորհրդակցել նյարդաբանի հետ։
  2. Երեխային որքան հնարավոր է շատ ուշադրություն հատկացրե'ք։
  3. Հաշտվե'ք այն մտքի հետ, որ ընտանիքի ապրելակերպը երկար տարիներ պայմանավորված է լինելու երեխայի հետաքրքրություններով։
  4. Արե'ք ամենը Ձեր հիպերակտիվ երեխային ''շրջանակի'' մեջ դնելու համար։ Այդ նպատակով փորձե'ք հնարավոր չափով նվազեցնել արգելքների ընդհանուր քանակությունը։ Բայց այն արգելքները, որոնք վերաբերում են երեխայի և շրջապատողների անվտանգությանը, պետք է լինեն անսասան (չի կարելի դուրս վազել փողոցի անցանելի մաս, ձեռք տալ էլեկտրալարերին, չլմփացնելով վազել ջրափոսերի վրայով, երբ շրջապատում կան անցորդներ և այլն)։ Երեխան պետք է իմանա, որ Ձեր ''ՉԻ ԿԱՐԵԼԻ''-ն երկաթյա է, իսկ վերջինիս խախտմանը կհետևի ''ամենասարսափելի'' պատիժը։ Իսկ փոքրիկ ստորությունների հետ, որոնք անխուսափելիորեն կգործի Ձեր ''սիրո փոքրիկ արգասիքը'', Դուք ստիպված կլինեք հաշտվել. ի՞նչ արած, մանրուքներին պետք է դիմանալ։
  5. Շատ հստակ սահմանագծե'ք ''տանը'' և ''տանից դուրս'' հասկացությունները։ Խիստ արգելքների քանակը (և համապատասխանաբար պատիժներինը) պետք է հիմնականում վերաբերի շրջապատի հետ շփվելուն վերաբերող ցանկալի վարքագծին։
  6. Նախօրոք պայմանավորվե'ք երեխայի հետ վարքագծի այս կամ այն կանոնների մասին, տվե'ք նրան ընտրության հնարավորություն, օգտագործե'ք խրախուսանքների և պատիժների ճկուն համակարգ։
  7. Որքան հնարավոր է շատ զբաղեցրե'ք երեխային խաղերով, որոնք նպաստում են ուշադրության ձևավորմանը, կենտրոնանալու ունակության ձեռք բերմանը (դրա համար հարմար են ''գտի'ր տարբերությունը'' շարքից նկարները, ծեփագործությամբ զբաղվելը, խճանկարներ կազմելը, նկարելը և այլն)։ Նման կարգի դաստիարակչական ''վարժանքներն'' ավելի լավ է կատարել առավոտյան և օրվա առաջին կեսին, քան երեկոյան ժամերին։
  8. Նախօրոք պատրաստվե'ք դպրոցին։ Տրամադրվե'ք, որ երեխան տառեր է բաց թողնելու, մինչև վերջ չի գրելու բառերն ու նախադասությունները։ Ամենահասարակ օրինակներում սխալներ է թույլ տալու ոչ թե թույլ մտածողության կարողության հետևանքով, այլ այն պատճառով, որ անուշադիր է։ Պետք չէ նրան անընդհատ նախատել, անհրաժեշտ է մեթոդաբար օգնել։
  9. Տվե'ք երեխային առաջադրանքները կատարելու համար հստակ հրահանգներ։ Մի' ծանրաբեռնեք նրան` հաշվի առնելով, որ նա ի վիճակի չէ երկար ժամանակ կենտրոնանալու աշխատանքի միևնույն տեսակի վրա։ Պարապմունքները բաժանե'ք կարճ ժամանակահատվածների։ Փոքրիկ հանգստի ժամանակ թո'ւյլ տվեք երեխային խաղալ մի որևէ շարժունակ խաղ կամ պարզապես վազել։ Աստիճանաբար ուսման տևողությունը երկարացրե'ք։
  10. Հանգի'ստ մնացեք ցանկացած իրավիճակում, քանի որ առանց Ձեզ զսպելու հաջողությունների հասնելն անհնար է։ Եթե Դուք զգում եք, որ կարող եք բռնկվել, հանգիստ թողեք ինքներդ Ձեզ, դո'ւրս եկեք սենյակից և արե'ք այն, ինչը հաճախ օգնում է վերականգնելու ինքնատիրապետումը և մտքերի սթափ ընթացքը (զանգահարե'ք ընկերուհուն, լաց եղե'ք, թուլանալու համար մի քանի վարժություն կատարե'ք, ցնցուղ ընդունե'ք, թեյ կամ սուրճ ըմպե'ք, կարելի է նաև մի փոքր ուտել)։
  11. Երեխայի հետ պարապմունքների ժամանակ ստեղծե'ք լավագույն տրամադրվածությունը. ''Քեզ մոտ ամեն ինչ կստացվի'', ''Փորձի'ր ևս մեկ անգամ'', ''Իսկ եթե մենք այսպե՞ս անենք''։ Փորձե'ք բարյացակամ, բայց խիստ լինել։ Անգամ ամենաչնչին հաջողությունների համար անմիջապես խրախուսե'ք երեխային` չթողնելով ''հետոյին''։
  12. Մի' քաշքշեք երեխային, եթե նրա մոտ ինչ-որ բան չի ստացվում։ Կարելի է անգամ հենց առաջին փորձերից նվազեցնել կարգապահության պահանջները` հաջողության զգացողություն ձևավորելու նպատակով։
  13. Երեխայի հետ շփման ընթացքում անընդհատ օգտագործե'ք խրախուսական շարժումներ` շոյելով երեխայի գլուխն ու գրկելով նրան։
  14. Խոսե'ք մանկապարտեզի դաստիարակի կամ ուսուցչի հետ։ Հանգիստ պատմե'ք երեխայի դաստիարակման Ձեր ''ռազմավարության'', ինչպես նաև հաջողությունների և անհաջողությունների մասին։ Ջանքեր գործադրե'ք, որպեսզի ուսուցիչը հասկանա, որ գործ ունի նյարդային համակարգի որոշակի խնդիրներ ունեցող երեխայի հետ։
  15. Աշխատե'ք այնպես անել, որպեսզի երեխան միշտ զգա Ձեր սերն իր հանդեպ։

 

Որքան հնարավոր է շատ զբաղեցրե'ք երեխային խաղերով, որոնք նպաստում են ուշադրության ձևավորմանը, կենտրոնանալու ունակության ձեռք բերմանը (դրա համար հարմար են ''գտի'ր տարբերությունը '' շարքից նկարները, ծեփագործությամբ զբաղվելը, խճանկարներ կազմելը, նկարելը և այլն)։ նման կարգի դաստիարակչական ''վարժանքներն'' ավելի լավ է կատարել առավոտյան և օրվա առաջին կեսին, քան երեկոյան ժամերին։

Սկզբնաղբյուր. ՀՀ - Ամսագիր ''Ֆարմացևտ պրակտիկ'' 3-2008 (11)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Մարդասիրական օգնության կազմակերպումը, դեղերի նվիրատվություններ

Մարդասիրական օգնության հիմնական սկզբունքներն են`

  • Դեղերի նվիրատվությունը ստացողին պետք է առավելագույն օգուտ բերի. այն պետք է հիմնված լինի իրական պահանջարկի վրա։
  • Նվիրատվությունը պետք է կատարել` հարգելով ստացողի ցանկություններն ու իրավունքները...

Դեղագործական շուկա Հրատապ թեմա Հայաստանում ՀՀ որոշումներ
''Դեռահասների առողջության պահպանման մասին'' օրենքը

2007 թ. վերջը նշանավորվեց նաև նրանով, որ վերջապես Հայաստանում լուրջ ուշադրություն դարձվեց դեռահասների առողջության պահպանման հարցին։ ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) առողջապահության, բնապաշտպանության և սոցիալական հարցերով...

Հրատապ թեմա Հայաստանում ՀՀ օրենքներ
Հոգեկան առողջություն
Հոգեկան առողջություն

Հոգեբանական բնույթի հոդվածաշար հույզերի ու ապրումների, անհանգստությունների ու տագնապների վերաբերյալ։ Հոգեկան Առողջությանը նվիրված հոդվածների այս շարքում Դուք հնարավորություն կուենանաք գտնելու Ձեզ հուզող...

Հոգեկան առողջություն
Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…
Չբերություն. դատավճի՞ռ, պատի՞ժ…

Շուրջ 80 մլն մարդ աշխարհում այսօր տառապում է չբերությամբ, և նրանց մեծամասնությունը ապրում է զարգացող երկրներում։ Չբերության հաճախականությունը տարբեր երկրներում ունի տարբեր ցուցանիշներ...

Թվեր և փաստեր Հրատապ թեմա Հայաստանում Անպտղություն ԿԻՆ: Անպտղություն
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան
Բժիշկ-նկարիչ` Պավել Անանիկյան

Մեր հյուրն է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գիտության վաստակավոր գործիչ, Հայաստանի վիրաբուժական գիտությունների ակադեմիայի նախագահ, Ռուսաստանի բժշկատեխնիկական ակադեմիայի ակադեմիկոս...

Բժիշկ-արվեստագետ
Առաջացա՞ք, առաջացե’ք
Առաջացա՞ք, առաջացե’ք

Եթե երբևէ չեք օգտվել երևանյան հասարակական տրանսպորտից, ապա վստա՛հ եղեք, որ Դուք չեք ճանաչում «իսկական» երևանցիներին։ Ինչ անակնկալներ ասես, որ չեն սպասում Ձեզ քաղաքային տրանսպորտում...

Հրատապ թեմա Հայաստանում
Թեստ. կոնֆլիկտային անհատականություն
Թեստ. կոնֆլիկտային անհատականություն

Դուք ընդամենը ուզում էիք ապացուցել, որ իրավացի եք... Ու էլի այդ տանջալի լռությունն ու դատարկությունն է ձեզ ուղեկից։ Միգուցե հենց դու՞ք եք դրանում մեղավոր։ Առաջարկում ենք պատասխանել ստորև ներկայացվող...

Թեստեր Ես
Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց
Անհրաժեշտ օգնություն գործարար կանանց

Աշխատանքային օրը մոտեցել է ավարտին։ Վերջին հաճախորդն արդեն դուրս է եկել ձեր դեղատնից։ Վերջապես կարելի է խալաթը հանել և հանգստանալ։ Բայց, ցավոք, դրա ժամանակը չունեք, քանի որ տանը շատ գործեր ունեք անելու...

Ես և աշխատանքը
P, PP Վիտամիններ
P, PP Վիտամիններ

Վիտամին P (բիոֆլավոնոիդների խումբ): Սա նյութերի մի խումբ է, որը մեր օրերում այլևս չի ընկալվում որպես վիտամին, քանի որ օրգանիզմը կարող է այն ինքնուրույն արտադրել...

Վիտամիններ և միներալներ
Հանրահայտ թունավորողների հետքերով
Հանրահայտ թունավորողների հետքերով

Թույների օգտագործման պատմությունը թերևս կրիմինալիստիկայի պատմության ամենահետաքրքիր, բայց և այնպես ամենամութ էջերից մեկն է։ Թունավորման միջոցով սպանություն գործելու համար պետք է ունենալ...

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Արյունապղծություն
Արյունապղծություն

Եղբա´յր իմ, թշնամի՞ս ես արդյոք... Կենդանական աշխարհում բազմիցս կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «արյունակցական» կապեր ունեցող կենդանիները միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում...

Թվեր և փաստեր Պատմության էջերից
Ձեռք չտա՞լ... ձեռքերի խնամք
Ձեռք չտա՞լ...  ձեռքերի խնամք

Նման դիտողութուն շատ հաճախ անում են թանգարանների հսկիչները համառ և հետաքրքրասեր այցելուներին։ Բայց նույնիսկ ամենախիստ հսկիչը չի հանդգնի նման դիտողություն անել` տեսնելով ձեր նուրբ, խնամված, գեղեցիկ, ասես արվեստի գլուխգործոց ձեռքերը...

Ձեռքերի խնամք
Զավեշտական դեպքեր…
Զավեշտական դեպքեր…

Ու այդ ի՞նչ մոլուցք է հիվանդների օրգանիզմում խելքներիդ փչածը թողնել... Վիրահատարանում աշխատանքային եռուզեռ է...

Թվեր և փաստեր

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ